Վրաստանում նոր տարին սկսվում է քաղաքական սկանդալով, ընդդիմությունը իշխանություններից պահանջում է չեղյալ հայտարարել ռուսաստանցի գործարար Դավիթ Յակուբաշվիլուն պատկանող Petrokas Energy Group-ի և Роснефть-ի միջև կնքված պայմանագիրը, որով ռուսական ընկերությունը ստանում է վրացական ընկերության արժեթղթերի 49 տոկոսը: Petrokas-ին են պատկանում Վրաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Փոթիի նավթային տերմինալները:
Ընդդիմադիրների պնդմամբ՝ Роснефть-ն ակտիվորեն աշխատում է Աբխազիայում, ուստի կնքված գործարքը հակասում է Վրաստանի օրենքներին:
Վրաստանի իշխանությունները չեն շտապում կոշտ քայլեր ձեռնարկել, քանի որ չեն ցանկանում սրել Մոսկվայի հետ հարաբերությունները:
Միխեիլ Սաակաշվիլու ստեղծած «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը իշխանություններից պահանջում է անհապաղ չեղյալ հայտարարել Petrokas Energy Group-ի և Роснефть-ի միջև կնքված գործարքը: Ընդդիմադիրները համարում են, որ վտանգավոր է Արևմուտքի պատժամիջոցների տակ գտնվող Роснефть-ի նման հսկա ընկերության ներթափանցումը Վրաստանի տնտեսություն: «Միասնական ազգային շարժման» առաջնորդներից Դավիթ Դարչիաշվիլին «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հետ հարցազրույցում ասել է. «Կասկած չկա, որ Роснефть-ի այս գործարքը Պուտինի քաղաքականության քայլերից մեկն է: Եվ դա միայն առաջին քայլն է»: Petrokas-ի փոխնախագահ Նիկո Մչեդլիշվիլին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել է գործարքի լուրը՝ ընդգծելով, որ ռուսաստանյան ընկերությանը պատկանում է արժեթղթերի միայն 49 տոկոսը, իսկ վերահսկիչ փաթեթը շարունակում է տնօրինել Յակուբաշվիլին: Նա բնակվում է Մոսկվայում:
Մչեդլիշվիլու խոսքով՝ Роснефть-ի մատակարարած էներգակիրները Փոթիից են տեղափոխվում Հայաստան, և դա է պատճառը, որ ընկերությունը գնել է Petrokas-ի արժեթղթերը: Նա նաև չի համարում, թե օրենք է խախտվել, քանի որ արժեթղթերը գնել է Роснефть հոլդինգին պատկանող ընկերություններից մեկը, որն Աբխազիայում չի գործում: Իսկ Վրաստանի իշխանություններն ասում են, որ պետությունը չի միջամտում մասնավոր ընկերությունների գործունեությանը, ուստի պաշտոնական Թբիլիսին չի շտապում չեղյալ հայտարարել գործարքը: